ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան։
Նա նշել է, որ նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչը հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։
«Երեկ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, երբ քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ոչ միայն ստանձնել էին դատարանի դեր, այլև փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված, աչքս ընկավ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ հենց այդ թեմայով՝ բոցաշունչ ու քաղաքական, իրեն հատուկ մտքերի ձևակերպմամբ։ Ակամա ֆիքսեցի այն հանգամանքը, որ նույն այդ օրն էլ ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան, որի հասցեատերը հենց այդ սուբյեկտն է։
Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ։ Ռուսաստան մուտքի նոր կանոններով նրանց սահմանափակել են տարեկան ընդամենը 90 օրով, ինչի հետևանքով տասնյակ վարորդներ արդեն ստացել են երկարաժամկետ մուտքի արգելքներ։ Վերին Լարսի մշտական խցանումներն այս սահմանափակումը վեր են ածել կործանարար պատժի թե՛ վարորդների, թե՛ արտահանողների համար։
Վարորդները մի քանի անգամ բողոքել են՝ կառավարության շենքի դիմաց, քայլերթելով դեսպանատների ուղղությամբ, իսկ երեկ, որպես բողոքի ակցիա` փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչը հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Փաստացի ոչինչ։ Խոսվում է «բարձր մակարդակով բանակցությունների» մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել «սև ցուցակներում», բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ կորցնել վստահելի գործընկերոջ համբավը»,–ասվում է գրառման մեջ։
Անանյանը նշել է, որ այս ամենը ցույց է տալիս, որ բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ։
«Դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը ցավոք արձանագրում է անգործունակություն, անկազմակերպվածություն և ոչ կոմպետենտություն։
Այնպես որ, մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարների մի խումբ վարորդներ իրենց մեքենաներով փակել են միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։
Արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։






