Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։
Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև դրական են գնահատել հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնությունները։
Զրուցակիցները կարևորել են կառուցողական երկխոսության շարունակականությունը և հայտնել են պատրաստակամություն՝ նպաստելու խորհրդարանական մակարդակում փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացմանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






