ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում, անդրադառնալով բեռնատարների վարորդների բարձրացրած խնդրին, հայտարարել է, որ Ռուսաստանից կա դրական արձագանք:
«ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և առաջարկել է, որպեսզի 90 օրը, որը սահմանված է իրենց ներքին օրենսդրությամբ, փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Նոր սահմանափակման հետևանքով հայկական բեռնափոխադրող ընկերությունների շրջանում առաջացել են դժգոհություններ, և բեռնատարների վարորդներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք պահանջում են, որ ՀՀ կառավարությունն ակտիվ բանակցի ռուսական կողմի հետ՝ նպատակ ունենալով վերացնել այս սահմանափակումը։
Վարորդների պնդմամբ՝ փոփոխված կարգավորումը լուրջ վնաս է հասցնելու ՀՀ-ից Ռուսաստան բեռների ու ուղևորների փոխադրումն իրականացնողներին։ Քանի որ սահմանված 90 օրը վարորդներն ստիպված են մեծ մասը անցկացնել ռուս-վրացական Վերին Լարսի անցակետում՝ հերթերի ու այլ խնդիրների պատճառով։
Մինչդեռ հոկտեմբերի 21–ի վաղ առավոտյան ՌԴ սահմանից արտաքսվել է ևս երեք հայ վարորդ։ Այդ մասին հայտնել է բեռնատարներից մեկի վարորդը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Նրա խոսքով՝ այժմ մոտ 300 վարորդ իրենց բեռնատարներով ակցիա է իրականացրել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային անցակետերում՝ փակ պահելով Հայաստան-Վրաստան սահմանը։
«Ճանապարհները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեզ հստակ պատասխան տան, թե երբ են լուծելու մեր հարցը, որովհետև այս պահին էլ ՌԴ-ում նույն իրավիճակն է․ առավոտյան երեք վարորդի են դեպորտ արել, նույն տուգանքներն են։ Օրը նոր է սկսվել, վարորդները քիչ-քիչ զանգում են։ Սպասում ենք, որ որևէ պաշտոնյա գա և մեզ իրական պատասխան տա։ Այս պահին 300 վարորդ ակցիա է իրականացնում, նույնքան էլ բեռնատարներ երկու կողմից են փակել ճանապարհը»,– ասել է վարորդը։
Անդրադառնալով ՆԳՆ հայտարարությանը, թե երեկոյան Հայաստանի և Վրաստանի սահմանը բացվել է, վարորդը արձագանքել է. «Երեկ ոչ մի ճանապարհ չենք բացել, նման բան չկա, գիշերվանից փակ է, սուտ տեղեկություններ են։ Փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեզ իրական պատասխան չտան։ Մենք կառավարությունից ենք սպասում պատասխանի կամ թող Գևորգ Պապոյանը գա մեզ մոտ։ Նման մարդու պատասխանին կհավատանք, որ իր ասածն իրական է։ Եթե հստակ պատասխան լինի, մենք վարորդներով կհավաքվենք ու կորոշենք, թե ինչ ենք անում։ Դա մեկ մարդու որոշելու բան չէ, այստեղ բոլորս ենք միասին որոշում կայացնում»,– ընդգծել է վարորդը։
Նա նաև հավելել է, որ այս պահին փակ են մնում միայն «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը, սակայն եթե կառավարությունից չստանան բավարար պատասխան, պատրաստ են գնալ էլ ավելի կտրուկ քայլերի։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս հարցը ներառվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին։
Հայաստանի կառավարությունը դիմում է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով վերանայել նոր սահմանված կարգավորումը, համաձայն որի՝ առանց վիզայի ՌԴ մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են մնալ ընդամենը 90 օր։ Նախկինում այդ քաղաքացիները կարող էին ՌԴ տարածքում գտնվել մինչև 180 օր մեկ տարվա ընթացքում։






