AM
21 Հոկտեմբեր 2025 - 12:26 AMT

ՀԲ․ Սեպտեմբերին ՀՀ–ում 3.7% գնաճ է գրանցվել

Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերին գնաճը 3.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Օգոստոսի համեմատ գներն աճել են 0.1 տոկոսով: Այդ մասին նշված է Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ Համաշխարհային բանկի հրապարակած ամենամսյա հերթական ամփոփագրում:

Կազմակերպության ներկայացրած վերլուծությունում նշվում է, որ սեպտեմբերին գրանցված գնաճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների թանկացմամբ, որոնց գինը տարեկան կտրվածքով ավելացել է 5.8 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը։

Աշնան առաջին ամսին գնաճին նպաստել են նաև սպառողական զամբյուղում համակցված 18 տոկոս մասնաբաժին ունեցող առողջապահության (3.5 տոկոսով) և տրանսպորտի (4.1 տոկոսով) ոլորտները։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոս՝ միաժամանակ ազդարարելով այն աստիճանաբար նվազեցնելու պարբերաշրջանի մասին: Հաջորդ 12 ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախատեսվում է հասցնել 6.25 տոկոսի: