AM
21 Հոկտեմբեր 2025 - 13:03 AMT

Ղազարյանը՝ «Շողակաթի» փակման մասին․ Մտահոգություն չէ, իրականություն է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկուս։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններն ԱԺ-ում ներկայացրել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, թե նվազագույն շեմի փոփոխությունը չի նշանակում, որ հանրային հեռարձակողները չեն կարող երկուսից ավելի լինել։ Նա հիշեցրել է, որ այս պահին հանրային միջոցներով 5 հեռարձակում կա՝ հեռուստատեսությունը և ռադիոն ներառյալ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նախկինում հանրային հեռարձակողներից մեկի կապակցությամբ պետությունը մեկ անձից՝ ՍՊԸ-ից, տարիների ընթացքում գնում է կատարել առանց մրցույթի՝ մոտ 3 մլրդ դրամի», ու այդ միջոցները կարող են ավելի արդյունավետ ծախսվել։ Կարծում ենք՝ այդ միջոցները կարող են ավելի արդյունավետ ծախսվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը կրթական-մշակութային կոնտենտի համար նախատեսված միջոցները բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերություններին։ Այսինքն՝ բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան հանրային միջոցներից օգտվելու»,- մանրամասնել է Ղազարյանը։

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատել է, թե հանրային դաշտում մտահոգություն կա, որ այս նախագծի նպատակը «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելն է։

«Խնդրում եմ ասեք ձեր հստակ տեսակետն այս մտահոգության վերաբերյալ»,- նշել է նա։

Իշխանական պատգամավորը պատասխանել է, թե դա ո՛չ մտահոգություն է, ո՛չ էլ կարծիք, քանի որ իրենք այդ նպատակի մասին հայտարարել են։

«Այո, նախաձեռնությունը «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև այս տարիների ընթացքում 3 մլրդ դրամ առանց մրցույթի տրվել է մեկ կազմակերպության։ Կարծում եմ՝ թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրաձայնել միջոցների անարդյունավետ ծախսման նախադեպը՝ ներառյալ մեր կառավարման 7 տարիների ընթացքում»,- շարունակել է Ղազարյանը։

Գեղամ Նազարյանը նկատեց, որ ինչ-որ մի օր կարող է պարզվել, որ, օրինակ, Մատենադարանը հատկացված միջոցներն արդյունավետ չի ծախսել, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է փակվի։ Պատգամավորը հորդորել է հետ կանգնել որոշումից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագծի զեկուցողին հորդորել է «չարաշահումներ չներկայացնել աչքաչափով»։

Ղազարյանը արձագանքել է ընդդիմության քննադատությանը՝ նշելով, որ հստակ հիմնավորում չի ներկայացնի, քանի որ այնուամենայնիվ ընդդիմությունը դեմ է քվեարկելու։

Նա նաև հավելել է. «Դուք ընդամենը ուզում եք, որ լինի համապետական հեռուստահեռարձակման ալիք, որը կունենա մշակութային և կրթական բովանդակություն տարածելու պարտավորություն, բայց կհեռարձակի վարչապետի ձեր թեկնածու Դավիթ Համբարձումյանի երթն ուղիղ եթերով»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող համակարգը առաջացնում է խնդիրներ՝ կապված ռեսուրսների բաշխման բարդության, բովանդակության կրկնման, կրթական ու մշակութային հաղորդումների ցածր դիտարկվածության, ինչպես նաև կառավարման ու գործառնական ծանրաբեռնվածության հետ։