AM
21 Հոկտեմբեր 2025 - 14:14 AMT

ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը խոսել են փոխգործակցության հեռանկարների մասին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Գրիգորյանը բարձր գնահատական է տվել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա նշանակությունը ՀՀ-ի անվտանգության և կայունության ապահովման հարցում։

Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանն ցուցաբերված ջերմ ընդունելության և կառուցողական համագործակցության համար։

Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ/EUMA) մանդատը երկարացվել է ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը նախատեսված բյուջեն կկազմի ավելի քան 44 միլիոն եվրո։