AM
22 Հոկտեմբեր 2025 - 07:52 AMT

Դատախազությունը պահանջում է երկարաձգել Միքայել սրբազանի ազատազրկման ժամկետը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը հայտնել է, որ ՀՀ դատախազությունը պահանջում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման ժամկետը երկարաձգել` սահմանելով 2 տարի 6 ամիս։

Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

«ՀՀ դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

Հ.Գ. Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,–ասվում է պաշտպանների հայտարարության մեջ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խաթարելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու ուղղությամբ հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։