Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը։ Այդ մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
Ալբերտը հաղթող է ճանաչվել մրցույթի արդյունքում, որի շրջանակում ստացվել է ավելի քան 80 մասնակցության հայտ։ Հայտադիմումներն ուսումնասիրվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փորձագետներից կազմված հանձնաժողովի կողմից, և հենց Ալբերտն է ճանաչվել մրցութային ընտրության լավագույնը, գրում է Արմենպրեսը։
Փորձագիտական կազմը համալրել են Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը, ինչպես նաև երգահան և երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը։ Որոշման կայացման ժամանակ հաշվի է առնվել նաև միջազգային ֆոկուս խմբի տեսակետը։
Ալբերտ Արմենակյանը երաժշտական աշխարհում իր առաջին քայլերն արել է վեց տարեկանում։ Նա մանկուց հետևել է Մանկական Եվրատեսիլին որպես հավատարմագրված երկրպագու՝ սկսած 2018 թվականից։ Վերջին երեք տարիների ընթացքում նա մասնակցել է հայաստանյան նախընտրական փուլերին՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել իր մանկության երազանքը։
«Անչափ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը Մանկական Եվրատեսիլում։ Երազանքներն իսկապես իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց։ Մանկական Եվրատեսիլի մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իմ ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է։ Սա նաև մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որին ես պատրաստ եմ։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն բան՝ մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար» – ասել է Ալբերտը։
Նա սովորում է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում, միաժամանակ ուսանում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժնում և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժնում։ Ալբերտն արդեն հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ 2025-ին նա նաև ելույթ է ունեցել ֆրանսիական «The Voice Kids» մանկական նախագծում՝ հանդես գալով ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմում և հասնելով մինչև եզրափակիչ փուլ։
Դավիթ Ծերունյանը, խոսելով այս տարվա ընտրության մասին, նշել է. «Հայաստանը Մանկական Եվրատեսիլի ամենահաջողակ և ամենասպասված երկրներից մեկն է։ Յուրաքանչյուր տարի, երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե ի՞նչ է ներկայացնելու աշխարհին Հայաստանն այս անգամ։ Պիտի խոստովանեմ, որ ժյուրիի առջև իսկապես շատ բարդ առաջադրանք էր դրված՝ ընտրել լավագույնին 80-ից ավել տաղանդավոր երեխաների շարքից, բայց անչափ ուրախ եմ, որ թե' հայաստանյան, թե' միջազգային մասնագետներն ընտրեցին հենց Ալբերտին։ Այս տարի, Հայաստանն իսկապես նորովի է ներկայանալու մրցույթին՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով և մեծ երազանքով»։
Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Արմենակյանի մրցութային երգն ու դրա տեսահոլովակը կհրապարակվեն առաջիկայում։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է դեկտեմբերի 13-ին՝ Թբիլիսիում։






