AM
22 Հոկտեմբեր 2025 - 08:58 AMT

Աղազարյանն՝ իմպիչմենտի մասին․ Պետք է վստահ լինենք, որ ոչ ոք չի կարողանա քաղաքական վերմակն իր վրա քաշել

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենտի գործընթացին։ Այդ մասին ասել է Աղազարյանը։ Նա նաև հավելել է, որ պետք է վստահ լինեն, որ այդ ընթացքում «ոչ ոք չի կարողանա քաղաքական վերմակն իր վրա քաշել», հայտնում է «Փաստինֆոն»։

«Եթե գա մի պահ, երբ ակնհայտ կլինի, որ մեր միանալը կլինի անհրաժեշտ և բավարար պայման իմպիչմենտն իրականացնելու համար, ապա մենք առանց որևէ նախապայմանի կմիանանք նախաձեռնությանը։ Օրինակ՝ եթե լինի 53 ստորագրություն, ապա մենք կմիանանք, և կլինի 55 ստորագրություն, բայց կան նաև այլ տարբերակներ։ Ամեն դեպքում՝ այնպես չի լինի, որ մեր պատճառով իմպիչմենտի գործընթացը չկայանա»,–ասել է Աղազարյանը։

Նա պարզաբանել է, որ իրենց միանալը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ կլինի՝ առանց իրենց այդ գործընթացը չի կարող հաջողել։

Անդրադառնալով քաղաքական ուժերի միջև բանակցություններին՝ Աղազարյանը նշել է, որ ՀՀԿ-ի հետ քննարկումների առանցքային հարցերից մեկն այն է, որ պետք է պարզ լինի՝ ինչու իրենց ներկայացրած թեկնածուն ընդունելի չէ ընդդիմադիր ուժի համար։

«Իրենք ասում են՝ Էդմոն Մարուքյանը նույն Նիկոլ Փաշինյանն է։ Հնարավոր է՝ Փաշինյանից մի քանի անգամ էլ վատն է, բայց խոսքը 6 ամսով հավասարակշռված կառավարություն ձևավորելու մասին է՝ տարբեր քաղաքական հոսանքների մասնակցությամբ, որպեսզի ոչ ոք չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա, և մենք պատրաստվենք 2026 թ. ընտրություններին։ Այս իմաստով, ինչ տարբերություն՝ Էդմոն Մարուքյանն է, թե Դավիթ Համբարձումյանը։

Պետք է վստահ լինենք, որ ոչ ոք այդ ընթացքում հնարավորություն չի ունենա «քաղաքական վերմակն իր վրա քաշելու»։ Ես, ամեն դեպքում, անհանգստություն ունեմ՝ մենք հեռացնում ենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գնանք արդար, թափանցիկ ընտրությունների, թե իշխանափոխություն ենք անում։ Եթե իշխանափոխություն ենք անում, որպեսզի մեր օգնությամբ ՀՀԿ-ն գա իշխանության, մենք դրան մասնակից չենք լինի», -ասել է Աղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: