AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:58 AMT

Փաշինյան․ ՀՀ–ն և ԱՄՆ-ն աշխատում են TRIPP նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին, խոսել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրերը։

Նա նշել է, որ ՀՀ–ն և ԱՄՆ-ն աշխատում են TRIPP նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ:

«2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության hռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։ Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին, և նրա 3–րդ կետում, ասվում է․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, ՀՀ համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա մեջբերում էր օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրից:

Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։

Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Ի շարունակություն վերը նշվածի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Վաշինգտոնի Հռչակագրի 4–րդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP route) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Այժմ մենք աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։