«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ռուսական տելեգրամյան հարթակներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հիմնադրամը իբր 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության միջոցով։
«Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների՝ հայտարարում ենք, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում։ Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։
Հիմնադրամը նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով: Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։
Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և առհասարակ մարդասիրության ոլորտում:
Հիմնադրամը կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ:
«Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։
Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական տելեգրամյան հարթակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամը իբր 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել եվրոպական ընկերությունների միջոցով, իսկ վերջնական ուղարկողը եղել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը»։






