AM
22 Հոկտեմբեր 2025 - 13:31 AMT

Սիմոնյան․ Թող Ադրբեջանի նախագահն էլ գա ՀՀ, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ժնևում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ իր հանդիպումը՝ այն համարելով ջերմ և կառուցողական։ Այդ մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կգա՞ Հայաստան, Սիմոնյանը պատասխանել է, որ ոչինչ չի բացառում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միջազգային ֆորմատների շրջանակում թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ: Իրենք էլ կգան. կան հարցեր, որոնք պետք է քննարկենք մինչև այդ պահը` անվտանգության հարցերը, մեր պահվող անձանց հարցը։ Մեզ համար մի քիչ դժվար է գնալ այնտեղ. ոնց գնաս այնտեղ, քանի որ հասկանալի է, որ այնտեղ պահվող անձինք կան»,– հայտարարել է նա։

«Հանդիպումը շատ դրական եմ համարում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին։ Մեր երկու երկրների խորհրդարանները պատրաստակամություն հայտնեցին, որ պետք է կարողանան պատրաստել իրենց հանրություններին մերձեցնելու նրանց, զարգացնելու խաղաղության մեջ ապրելու և իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը ևս կար։ Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք` երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք»,– հայտարարել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնևում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիները և դրական են գնահատել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։