Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» ու կլինի ոչ աշխատանքային: Կառավարությունը հավանություն է տվել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանի նախագծին, հայտնում է Aysor.am-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ներկայումս չկա հատուկ օր, որը կնվիրվի բոլոր ժամանակաշրջաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիների հիշատակին։ Արդյունքում՝ հանրությունը սովորաբար հարգանքի տուրք է մատուցում տարբեր ռազմական իրադարձությունների օրերին կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որը հիմնականում ընկալվում է որպես տոնական, այլ ոչ թե հիշատակի օր։
Այս նախագծի ընդունման դեպքում կձևավորվի մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ռազմական գործողությունների ընթացքում նահատակվածներին՝ հունվարի 27-ը։ Այն կնախորդի Բանակի օրվան։






