AM
23 Հոկտեմբեր 2025 - 09:02 AMT

Կասկադի վերակառուցման նախագիծը հաստատվել է․ Կենտրոնական հատվածում կներդրվի 20 մլրդ 46 մլն դրամ

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը հավանություն է ստացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Գրեթե մեկ տարի տևած քննարկումներն ու համառ աշխատանքը մեզ բերել են այս կարևոր հանգրվանին։ Սա մի գործընթաց էր, որի հաջողության հանդեպ շատերը թերհավատ էին, բայց մենք հավատացինք, աշխատեցինք ու Կասկադի նախագծի իրականացման հարցը այսօր պաշտոնապես հաստատվելու է»,–ասել է նա։

Ավինյանը հայտնել է, որ ներդրող «Ջի Թի Բի Դեվելոփմենթ»ընկերությունը մտադիր է համալիրի կենտրոնական մասում ներդնել 20 մլրդ 46 մլն դրամ։

Հիմնավորման մեջ ասվում է․ «Քաղաքաշինական այս ծրագրի իրականացման նպատակը «Կասկադ» համալիրի ամբողջական ու ավարտուն տեսքի ապահովումն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանի միջև, կյանքի կկոչվի Ալեքսանդր Թամանյանի, ապա նաև Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը, այն է՝ Երևան քաղաքի տվյալ հատվածը կհարստանա հինը և ժամանակակիցը միավորող ճարտարապետական նոր կոթողով, կձևավորվեն մշակութային ժամանցի նոր հնարավորություններ»։

Նշվում է, որ ծրագրի վերջնարդյունքում համալիրի նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն նոր համերգասրահ և ժամանակակից արվեստի թանգարանի կոնցեպտով հագեցած նոր ցուցասրահներ, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հայտնում է Sputnik Արմենիան։

Հարակից տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի, կձևավորվի մշակույթային և ժամանցային նոր հանգույց, իսկ հարակից տարածքում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրները, ինտեգրվելով առկա բնական և ճարտարապետական միջավայրի հետ, ներդաշնակորեն կհամալրեն տարածքը՝ փոխարինելով ներկայիս ամայի և անխնամ հողատարածքներին։

Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է այս տարվա հունվարի 15–ին։ Մրցույթին մասնակցած և հաղթած միակ ամերիկյան ընկերության մասնակցությամբ չորս ընկերություններից կազմված կոնսորցիում է աշխատելու։

Մրցույթում հաղթողի հետ քաղաքապետարանը կնքել է նախնական պայմանագիր, որի արդյունքում անհատույց հիմունքներով ձեռք է բերել Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների (WILMOTTE & ASSOCIÉS) կողմից մշակված «Կասկադ» նախագծային էսքիզը, որը մեկ այլ էսքիզի հետ միասին ներկայացվել է հանրության քվեարկությանը։ Շուրջ մեկ ամիս հանրային քննարկումներից հետո ճանաչվել է հաղթող՝ հավաքելով ամենաբարձր միավորները։