AM
23 Հոկտեմբեր 2025 - 12:32 AMT

Վարդևանյան․ Կալանքների նման ծավալը հակամարդասիրական է

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում կալանքների նման ծավալը նաև հակամարդասիրական է:

Նա նշել է, որ վերջին շրջանում կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են։

«Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են։ Ի դեպ փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերն, ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել դատարանի համար»,- գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հավելել է, որ Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին:

«Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,–գրել է նա։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «մեկ շաբաթում ակնհայտ քաղաքական պատճառով արդեն երկրորդ փաստաբանն է կալանավորվել»։