AM
23 Հոկտեմբեր 2025 - 12:44 AMT

Միրզոյան. ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆեմինիստական դիվանագիտության չորրորդ նախարարական համաժողովի բացմանն ասել է, որ համաժողովի կարգախոսը՝ «Եկել է խաղաղության ժամանակը», Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խորը տրավմաներով։ Երկու երկրներն այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերություններն՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով»,- հավելել է Միրզոյանը։

Նախարարը իր խոսքում անդրադարձել է նաև հակամարտություններից տուժած կանանց դերին՝ նրանց տառապանքն անվանելով ոչ միայն մարդկային դրամա, այլ նաև քաղաքական պարտավորություն։

«Այսպիսով, ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը տառապել են, զգացել են հակամարտության ծանր հետևանքներն, իրենց սիրելիների կորստի ցավը։ Եվ այսօր շատ պարտավորեցնող և էմոցիոնալ է խոսել մեր հասարակությունում տարածաշրջանային հաշտեցման գաղափարի խթանման գործում նրանց նշանակալի դերի մասին։ Էմոցիոնալ, քանզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչպիսի դժվարությունների միջով են նրանք անցել։ Պարտավորեցնող, քանզի այսօր առկա խաղաղության օրակարգի միջոցով մենք ձգտում ենք հասցեագրել և ապագայում կանխել նման դժվարությունները, նման կորուստները»,-ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։