Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնն հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Փարիզի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և խաղաղ գործընթացին, հայտնում է Արմենպրեսը՝ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության վրա հղումով։
Ըստ հաղորդագրության՝ նախարարները կարևորել են երկու երկրների միջև կառուցողական համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում՝ հատկապես ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, ինչպես նաև Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդումը:
Ժան-Նոել Բարոնն ընդգծել է, որ Փարիզը շարունակում է լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարական կայունությանը։ Նա կրկին հաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և դրական տեղաշարժերին, որոնք սկիզբ են առել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովից:
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության՝ տարածաշրջանային կապերի ընդլայնումը և սահմանների բացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգմամբ, հնարավորություն կտան Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և բարգավաճման գոտի՝ տարածաշրջանի ժողովուրդների շահերի համար:
Նախարարը ողջունել է այս ուղղությամբ վերջերս ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






