AM
24 Հոկտեմբեր 2025 - 07:55 AMT

Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան

Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը, հայտնում են ՆԳ նախարարությունը:

«Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը։ Հստակեցված է գվարդիայի գործառույթների շրջանակը․ այն կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։

Նորաստեղծ գվարդիայի հիմնական նպատակներն են հասարակական կարգի պահպանումը, ներքին անվտանգության ապահովումը, պետական պահպանության ներքո գտնվող կարևորված օբյեկտների հսկողությունը, ինչպես նաև հատուկ բեռների անվտանգ տեղափոխման կազմակերպումը։ Գվարդիան նաև ներգրավվելու է ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժի ապահովման գործում, մասնակցելու է բնակչության պաշտպանության աշխատանքներին, աջակցելու է պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանը, ինչպես նաև քրեական վարույթ իրականացնող մարմինների աշխատանքներին»,–ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունից ընդգծել են, որ այս փուլում ընթանում է գվարդիայի անձնակազմի ակտիվ վերապատրաստում։

«Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտնելու ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։

Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռք բերումը վերջնական փուլում են»,–ասվում է հայտարարության մեջ։