Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026 թվականի համագործակցության ծրագիրը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցություններ՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։
Խորհրդակցություններին համանախագահել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ գոհ են 2025 թվականի համագործակցության ծրագրի իրագործման ընթացքից և ընդգծել են՝ անհրաժեշտ է 2026 թվականի ծրագրում ներառել նոր ուղղություններ։
Նրանք անդրադարձ են կատարել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հիմնախնդիրներին՝ փոխանակելով դիտարկումներ։ Երկու կողմերն էլ ներկայացրել են վերջին ամիսներին իրենց զինված ուժերում արձանագրված զարգացումները։
«Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում։
Վերջին տարիներին Հայաստանը և Հնդկաստանը կնքել են մի շարք ռազմատեխնիկական պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ աղբյուրների, հասնում է 1․5 միլիարդ դոլարի։ Հնդկաստանը Հայաստանին մատակարարում է հրետանային համակարգեր, ՀՕՊ միջոցներ, զինամթերք և այլ ռազմական արտադրանք։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի և հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները:






