AM
24 Հոկտեմբեր 2025 - 09:11 AMT

Միրզոյանն ու Լարշեն քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ռազմավարական խորացումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության խորացման ուղիները՝ կարևորելով, որ երկկողմ հարաբերություններն այսօր ընդգրկում են առանցքային ոլորտներ։ Անդրադարձ է կատարվել նաև հետագա քայլերին ու հնարավոր նախաձեռնություններին։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է վերջին գործընթացները, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումն ու տեսլականը՝ տարածաշրջանի խաղաղության հաստատման և համապարփակ զարգացման համատեքստում։ ԱԳ նախարարը նշել է նաև հաղորդակցային հանգույց դառնալու Հայաստանի ներուժի արդյունավետ իրացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Ֆրանսիայի Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում».

«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է: Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար: Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպմանն իրենց մասնակցությունն են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերենը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դեվինազը, ինչպես նաև Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը։