AM
24 Հոկտեմբեր 2025 - 09:34 AMT

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ընդհանուր քննարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին և սկզբունքներին, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Մեծապես կարևորելով ականազերծման գործողություններում աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով հակահետևակային ականների և այլ պայթունավտանգ զինատեսակների հումանիտար հետևանքների հասցեագրմանը միտված միջազգային ջանքերին Հայաստանի հանձնառությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն նշանակալի ներդրում է ունեցել հակամարտային գոտիներում հիշատակված նպատակների համընդգրկուն իրականացման գործում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական սկզբունքներին փաստվել է 2019-2024թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելությանը մասնակցությամբ, որտեղ հայ մասնագետները աջակցում էին ականների հայտնաբերման և վնասազերծման միջազգային գործողություններին։

«Ի թիվս այլնի, մարդկային տառապանքների կանխարգելման և անվտանգության ապահովման համատեքստում ընդգծվել է անկեղծ և ապաքաղաքականացված փոխգործակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ամբողջ անձնակազմը 2024–ի նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան, քանի որ Սիրիայում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել էր և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։

Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում էր 2019 թվականից։