AM
24 Հոկտեմբեր 2025 - 12:44 AMT

Միրզոյանը՝ ֆեմինիստական համաժողովում․ ՀՀ–ն փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրով անցկացված ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» խորագրով պանելային քննարկմանը։

Իր ելույթում նա ասել է, որ 2025–ի տվյալներով ՀՀ–ն փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը։

«Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ, օրինակ, երբ խոսքը գնում է գիտության, կրթության, տեխնոլոգիաների, տեղեկատվական ոլորտի մասին, իմ երկիրը՝ Հայաստանը, զգալիորեն առաջ է գլոբալ միջին ցուցանիշից։ Իսկ եթե խոսենք դիվանագիտական ծառայության մասին, ապա մեր նախարարությունում դիվանագետների 44․4 տոկոսը կանայք են։ Սա գրեթե իդեալական հավասարություն է։ Թեև պետք է խոստովանեմ՝ սա չի վերաբերում ամբողջ համակարգին. երբ խոսքը գնում է դեսպանների մասին, այնտեղ դեռ հավասարություն չունենք, ուստի պետք է լրացնենք այդ բացը։

Այժմ մենք ունենք այնպիսի նախարարությունների ղեկավարներ, որոնք ավանդաբար ղեկավարվել են տղամարդկանց կողմից, ինչպիսիք են, օրինակ, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և նորաստեղծ Հետախուզական ծառայությունը: Այսինքն՝ այս կառույցները երկար ժամանակ եղել են, այսպես կոչված, «տղամարդկանց ակումբի» մաս: Ձեր նշած գործողությունների ծրագիրը հստակ նպատակ ունի՝ խթանել կանանց մասնակցությունը այնպիսի կառույցներում, ինչպիսիք են բանակը և ոստիկանությունը, որոնք ավանդաբար ունեցել են ընդգծված «տղամարդկային» կերպար:

Կցանկանայի ուշադրություն հրավիրել մի ցուցանիշի՝ գենդերային անհավասարության գլոբալ ցուցանիշը։ Ըստ այս տարվա տվյալների՝ Հայաստանը փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը, թեև սա դեռևս գերազանց արդյունք չէ, այնուամենայնիվ, վկայում է դրական առաջընթացի մասին: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մենք իսկապես ունենք այդ տարբերությունը լրացնելու կամք։ Հետաքրքիրն այն է, որ հասարակական հարցումները նույնպես արտացոլում են այս միտումը. Հայաստանի բնակչությունը ոչ միայն ավելի պատրաստ է, այլև ողջունում է ղեկավար պաշտոններում կանանց մասնակցության աճը: Ինչպես արդեն նշեցի, որոշ նախարարություններ ավելանում են այն ավանդական ոլորտներին, ինչպիսիք են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և այլն:

Ներեցեք, որ մի փոքր ավելի շատ ժամանակ եմ խլում, սակայն այստեղ առկա է նաև երրորդ չափումը, երրորդ շերտը։ Այս թեման իմ երկրի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մենք հետկոնֆլիկտային հասարակություն ենք: Գուցե արդեն լավ հայտնի է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար»«–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն:

«Մենք հասկանում և ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքները, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմաները և, ավելին, կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը»,–ասել է ԱԳ նախարարը։

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսը և զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Փաթենը։

Քննարկման ընթացքում ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով հատուկ դեսպան Իզաբել Ռոմը, Նոբելյան մրցանակակիր Օլեքսանդրա Մատվիյտչուկը, ՄԹ խորհրդարանական փոխպետքարտուղար Քրիս Էլմորը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի ավագ խորհրդական Զահրա Լանգին, Կոլումբիայի սենատոր Վիկտորիա Սանդինոն և այլ բարձրաստիճան մասնակիցներ։