Հարկային օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է 60 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Այդ փոփոխություններով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։
ՀՀ–ում հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ մուտք գործելու ՊԵԿ համակարգ` ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը և ըստ այդմ կատարելու համապատասխան փոփոխություններ։ Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի, հայտնում է Sputnik Արմենիան։
Քաղաքացու համար կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը հասանելի կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքացին գոնե մուտք կգործի համակարգ և հաստատի իր հայտարարագիրը։
ՊԵԿ-ը քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ` ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա պետք է ինքնուրույն լրացնի։
Նախագիծը զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով` առաջինից 2–րդ ընթերում էլ փոփոխություններ են նախատեսվում։
«Պայմանավորվել ենք, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չներառվեն հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների` մայր, որդի, քույր, եղբայր, միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»,- ասել է Թունյանը։
Թունյանի խոսքով` ընտանիքի անդամներից դուրս բարեկամների միջև՝ հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված` 300 հազար դրամ։
Պատգամավորը հիշեցրել է, որ քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են ու հարկային մարմնի համար տեսանելի չեն։ Ավելին` պարզվելու դեպքում կտուգանվեն, թեև անկախ այս համակարգից էլ հարկեր թաքցնելը պատժվում էր օրենքով։
«Թոշակառուները, երբ կսկսեն հայտարարագիր լրացնել, պարզ է, որ իրենց համար շատ ավելի բարդ է լինելու, քան ավելի երիտասարդ սերնդի համար, մենք հանդես կգանք համապատասխան ելույթներով ու միջոցներով»,- ասել է Թունյանը, հայտնում է Auroranews.am-ը։
Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են ձեռնարկել համապատասխան քայլեր, որպեսզի օգնեն տարեց քաղաքացիներին հաղթահարել առաջիկա նորամուծության հետ կապված դժվարությունները։
Օրենքի 2–րդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1–ը։
Գործող օրենքով վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ Գործող կարգավորմամբ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, անգամ եթե բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի։






