AM
25 Հոկտեմբեր 2025 - 06:37 AMT

Պապիկյան․ ՀՀ–ն բացառապես նոր սերնդի զենք է գնում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է գնում։

«Զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը. ունենք նոր, հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ որակը դառնա մրցունակ և դուրս գա շուկա»,- հայտարարել է նախարարը։

Նա կարևորել է այդ ոլորտում ներդրումների հարցը, քանի որ, եթե այդ ոլորտում ներդրումներ չլինեն, հնարավոր չի լինի ավելի մրցունակ զինատեսակներ ստեղծել։

Նախարարը նաև ընդգծել է, որ երկրի զինված ուժերն ու սպառազինությունն օգտագործվելու են միայն նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պաշտպանության համար։

«Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»,- հավելել է նա։

Պապիկյանը հայտարարել է, որ օգոստոսի 8–ից հետո մթնոլորտը հայ–ադրբեջանական սահմանին ամբողջությամբ փոխվել է՝ լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

Ըստ նրա՝ եթե անգամ փոքրիկ միջադեպեր լինում են, «կարողանում են կոմունիկացնել և ամեն հարց կարգավորել»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։