AM
25 Հոկտեմբեր 2025 - 07:32 AMT

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է եկամուտների հայտարարագրման համակարգում փոփոխությունների օրենքը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի նպատակն է կատարելագործել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։

Կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ օրենքի ընդունման դեպքում քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա։

Կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը (սոցիալական կրեդիտների համակարգը) հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք գոնե մուտք կգործեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ, ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Սա կվերացնի ձեռքով լրացման անհրաժեշտությունը՝ պահպանելով բանկային գաղտնիքը։

Օրենքով հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։

Նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ․ այդ կարգավորումը կիրականացվի կառավարության որոշմամբ։