AM
25 Հոկտեմբեր 2025 - 08:12 AMT

Փոխվարչապետի գրասենյակը՝ հայ վարորդների խնդրի մասին․ Ռուսական կողմն աշխատում է լուծման վրա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ ՌԴ–ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

«Քննարկման ժամանակ ռուսական կողմը տեղեկացրել է, որ իրենք լիովին գիտակցում են հարցի հրատապ բնույթը և ներկայումս իրականացնում են աշխատանքներ՝ այն կարգավորելու ուղղությամբ։

Նրանք նաև նշել են, որ Ռուսաստանի Դաշնության պատկան կառույցներում արդեն շրջանառվում է գործող օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ առաջարկող իրավական ակտի նախագիծ»,–ասվում է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս հարցը ներառվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին։

Հայաստանի կառավարությունը դիմում է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով վերանայել նոր սահմանված կարգավորումը, համաձայն որի՝ առանց վիզայի ՌԴ մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են մնալ ընդամենը 90 օր։ Նախկինում այդ քաղաքացիները կարող էին ՌԴ տարածքում գտնվել մինչև 180 օր մեկ տարվա ընթացքում։