AM
27 Հոկտեմբեր 2025 - 07:11 AMT

Փաշինյան․ Այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, և հակառակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա։

Ըստ նրա` խոսքը Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղու մասին է, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։

Նա հայտնել է, որ կրկին վերահաստատում է՝ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության հռչակագրով հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն, որն արդեն ստացել է հստակ ձևակերպումներ և թվային արտահայտություն։

«Արդեն մեկ տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հաստատված խաղաղությունն ի հայտ է բերել մի շարք նոր իրողություններ ու հանգամանքներ, որոնցից մեկն Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցման սահմանափակումների վերացումն է։

«Մասնավորապես, նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, նշանակում է Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, համապատասխան քայլեր անի։

Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա ընդգծում է, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքուն հանել է Հայաստանի տարածքով բեռների տարանցման նախկինում գործող սահմանափակումները։ Հայտարարվել է, որ առաջին այդպիսի բերռը ղազախական հացահատիկն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ մատակարարումն իրականացվելու է Ակտաու-Բաքու երթուղով, այնուհետև երկաթուղով՝ Վրաստանի տարածքով:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան։