ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը դեռևս չի քննարկել Անկախության հռչակագրին Սահմանադրությունում հղում կատարելու հարցը։ Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Խորհրդի նիստերն ավելի հաճախակի են դարձել, հայտնում է Aysor.am-ը։
«Վերջին նիստում մի քանի հարց է դրվել քվեարկության և մի շարք ձևակերպումներ վերջնականապես մշակվել են։ Առաջիկա շաբաթներին սկսելու ենք տեղեկատվական արշավ, որպեզի աշխատանքը ներկայացնենք հանրությանը»,–ասել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա:






