ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսում է Թուրքիայի հետ:
«Շատ դրական եմ գնահատում ու պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ»,- նշել նա, գրում է Aysor.am-ը;
Միրզոյանը նաև հույս է հայտնել, որ գործընթացների արդյունքում հնարավոր կլինի մոտ ժամանակներում հասնել շոշափելի և կոնկրետ արդյունքների։
Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են փոխըմբռնման և կառուցողականության դաշտում, ինչը հնարավորություն է տալիս ակնկալել առաջընթաց՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն օգոստոսի 12-ին Հայաստան էր ժամանել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Նա ՀՀ ԱԳՆ շենքում նախ հանդիպել էր Ռուբինյանին, ապա՝ Արարատ Միրզոյանին։






