AM
27 Հոկտեմբեր 2025 - 13:22 AMT

Արցախցիների կուտակային կենսաթոշակի միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են

Արցախցիների կուտակային կենսաթոշակի միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են։ Այդ մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանման մեջ։

«Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացումներ են կատարվել, ըստ որոնց՝ ֆորս մաժորային իրավիճակների դեպքում, մասնակիցները կարող են ընտրել իրենց կուտակած միջոցները վերադարձնել բանկային հաշվին կամ փոխանցել այլ կենսաթոշակային ֆոնդի հաշիվ։

2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները շահառուների բանկային հաշվին փոխանցման նպատակով համապատասխան դիմում է ներկայացվել բոլոր լիազոր մարմիններին, սակայն մերժվել է կուտակային վճարների վերադարձը, ավելին ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հունիսի 13-ին ընդունված «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին:

Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին»,–ասվում է պարզաբանման մեջ։

Նշվում է, որ սահմանադրական կարգով վիճարկվել է օրենքի այն դրույթը, որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

«ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-176 որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է:

Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են: ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը»,–ասվում է պարզաբանման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։