AM
27 Հոկտեմբեր 2025 - 13:33 AMT

ՀՀ–ն ու ԵՄ-ն նախատեսում են նոր փաստաթղթեր ստորագրել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ներառում է մի շարք էական բաղադրիչներ և առաջիկայում նախատեսվում է ստորագրել նոր փաստաթղթեր։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

«Բավականին էական բաղադրիչներ ունի Հայաստանի-Եվրամիություն համագործակցությունը: Նաև նոր փաստաթղթեր են նախատեսվում ստորագրելու»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ–ԵՄ նոր ճանապարհային քարտեզը 99.9 տոկոս բանակցված է, ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունները գերինտենսիվ են զարգանում, հայտնում է Sputnik Արմենիան։

https://arm.sputniknews.ru/20251027/vizaneri-azatakanacman-gvortsyntacy-bavakanin-arag-e-teghi-unenum-ararat-mirzvojan-95142090.html

«Երբեմն ինչ–որ մի պայմանավորվածություն ենք ձեռք բերում, օրինակ՝ գումարի կամ ինչ–որ ծրագրի մասին, որից հետո պետք է նստենք, քննարկենք, կամ հռչակագրային բնույթի բան պետք է ստորագրվի, բայց մենք տեսնում ենք, որ հարաբերություններն այնքան են խորացել, որ այս վերջին 2 ամսում քննարկված թուղթն այլևս արդիական չէ ու նոր և ավելի արդիական բան է պետք»,– ասել է Միրզոյանը։

Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, որ ԵՄ ընտանիքին մոտենալը չի հակադրվում նրան, որ Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենա մյուս գործընկերների հետ։

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին: