AM
27 Հոկտեմբեր 2025 - 14:13 AMT

Գումի շուկայում և այլ կետերում առգրավված ոչ սպանդանոցային 810 կգ միսը ոչնչացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ խստացված վերահսկողական գործողությունների շրջանակում Երևանում, Խորենացի փողոցում գործող Գումի շուկայում և այլ կետերում հայտնաբերված մոտ 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միսն անմիջապես առգրավվել և ոչնչացվել է։

Աշխատանքներին անձամբ հետևել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ով ընդգծել է, որ նմանօրինակ արտադրանքը չի կարող ընդունելի համարվել սպառման համար։

Նրա խոսքով՝ ստուգումները շարունակական բնույթ են կրելու, և ոչ սպանդանոցային ծագման մսի հայտնաբերման դեպքում զիջումներ չեն լինելու։

Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են մսի ծագման վկայող փաստաթղթերը (հատկապես՝ 5-րդ ձևը), պահպանման սանիտարահիգիենիկ պայմաններն ու համապատասխան ջերմաստիճանային ռեժիմները։ Որոշ վաճառողներ չեն պահպանել օրենքով սահմանված պահանջները։

«Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։