AM
27 Հոկտեմբեր 2025 - 14:37 AMT

Միրզոյան․ Ալիևին ու Էրդողանին հրավիրել ենք ՀՀ՝ այսօր չեք պատկերացնում, բայց 1․5 ամիս հետո կարող է այլ իրավիճակ լինել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել են Երևան՝ մասնակցելու հաջորդ գարնանը նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Հրավերներն առայժմ բանավոր են, փաստաթղթային դեռ չենք ուղարկել»,– նշել է նախարարը, հայտնում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները դեռ ընթանում են, և հրավերների պաշտոնական գործընթացը կմեկնարկի առաջիկայում։

Դիտարկմանը, թե ինչպես կընկալվի Հայաստանում նրանց այցը՝ Միրզոյանը պատասխանել է, թե այսօր «չեք պատկերացնում Ալիևի այցը, բայց 1․5 ամիս հետո կարող է այլ իրավիճակ լինել», հայտնում է «Փաստինֆոն»։

«Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն։ Մեր սերունդը մեծացել է մի նարատիվի շրջանակում, որ այդ երկիրը թշնամի է ու իրական թշնամություն է եղել մեր մեջ, բայց խաղաղություն չի լինում բարեկամ երկրների միջև, խաղաղություն հաստատվում է հենց թշնամական հասարակությունների, գժտվածների միջև։ Մենք բացառություն չենք։ Աշխարհի շատ պետություններ այդ ճանապարհով անցել են, մենք էլ պիտի կարողանանք։ Մենք այդ ուղղությամբ արդեն նշանակալի քայլեր արել ենք, թեև դեռ շատ բան կա անելու։

Ինչու ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա։ Ինչ մնում է Ալիևին՝ էսօր չեք պատկերացնում, բայց համաձայնեք, որ կարող է 1.5 ամիս հետո այլ իրավիճակ լինի, թեև ես չեմ ժխտում, որ այսօր դեռ դժվար է պատկերացնել Փաշինյանի այցը Բաքու։ Բայց ժամանակ է անցնելու և 1 ամիս, 1 տարի կամ 10 տարի հետո, մի օր էս իրավիճակը լինելու է»,-ասել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2026 թվականի գարնանը Երևանում՝ Եվրոպական միության անդամ պետությունների և գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։