Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով»,–ասվում է գրառման մեջ։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ինչպես նաև Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020–ի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքն ու հարակից մարտական դիրքերը ազատագրած զորքին «նահանջ» հրաման տալու համար։ Նույն օրն Արզումանյանն արդեն կալանավորված է եղել։
ՊԲ նախկին հրամանատարի գործով դատական նիստերն անցկացվում են դռնփակ ձևաչափով, ինչի հետևանքով լրատվամիջոցներն առ այսօր չեն կարողացել որևէ տեղեկություն ստանալ ընթացող գործընթացներից։ Պաշտպանական թիմը, հղում անելով նախաքննական և ռազմական գաղտնիքի պահանջներին, հրաժարվել է հրապարակել մանրամասներ։






