AM
28 Հոկտեմբեր 2025 - 08:58 AMT

«Զավիկի Ղարսի» ևս մեկ մասնաճյուղի առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի ստորաբաժանման տեսուչներն իրականացրել են ստուգում անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանի սեփականությամբ գործող «Զավիկի Ղարս» հանրային սննդի կետում, որը գտնվում է Երևանի Բագրատունյաց փողոցի 15/5 հասցեում։ Ստուգման ընթացքում իրականացվել է որոշ ապրանքատեսակների նմուշառում, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «մայոնեզ» արտադրատեսակը չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին՝ աղիքային ցուպիկների խմբին պատկանող մանրէների (ԱՑԽՄ) և ախտածին սալմոնելա մանրէների առկայության ցուցանիշներով։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի այդ կետի տվյալ արտադրատեսակի գործունեությունն այս պահին դադարեցվել է մինչև բոլոր հայտնաբերված խախտումների վերացումը։

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ վերացվել է «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Զավիկի ղարսի» գործունեության կասեցումը։

Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նախորդ ստուգման ընթացքում արձանագրված խախտումները ամբողջությամբ վերացվել են։