AM
28 Հոկտեմբեր 2025 - 10:58 AMT

Ֆիննախ․ Եթե կենսաթոշակն այսօր բարձրացնենք, թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, որ ՔՊ–ն խոստացել էր բարձրացնել թոշակները, ասել է, որ «եթե կենսաթոշակն այսօր բարձրացնենք, թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա»։

«Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք և հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան, որը պետք է որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայրում, դա կլիներ սխալ քաղաքականություն, և այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ կենսաթոշակն ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Հովհաննիսյանն այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն հիշեցմանը, որ 2021-2026 թթ․ կառավարական ծրագրով ՔՊ-ն խոստացել էր մինչև 2026–ը միջին կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն կենսաթոշակն՝ ապահովել պարենային զամբյուղի մակարդակին համապատասխան, իսկ նվազագույն աշխատավարձը՝ դարձնել 85 հազար դրամ։

Պատգամավորը նշել է, որ խոստացված 2026 թվականը վերջին տարին է, իսկ այդ խոստումները դեռ կյանքի չեն կոչվել։ Նրա խոսքով՝ հետվճարներով անգամ ներկայում միջին կենսաթոշակը կազմում է 50 հազար դրամ, որը, թեև կարող էր բարձրանալ մինչև 55 հազար, բայց այնուամենայնիվ, շատ ցածր է 82 հազար դրամ արժողությամբ նվազագույն սպառողական զամբյուղից։

«Ձեր խոստումը չեք կատարել, քանի որ ի սկզբանե ձեր խոստումը պոպուլիստակա՞ն էր և դա մոտ 7-8 հարյուր հազար քաղաքացու քվեն ստանա՞լն էր, թե տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, իրական չեն, նկարված են, հետևաբար հնարավոր չէ նաև այդ սոցիալական խոստումը կատարել»,- ասել է Ավետիսյանը։

Ֆինանսների նախարարը պնդել է, որ 2021-26 թվականների ընթացքում սոցիալական ոլորտն է եղել ամենաշատ աճ արձանագրած ճյուղը։

Նա նշել է, որ կառավարությունը հաջողությամբ իրականացրել է պարտքի նվազեցման ռազմավարությունը՝ այն հասցնելով 50 տոկոսից ցածր մակարդակի, մինչդեռ 2021-ին այն գերազանցել է 60 տոկոսը։

Ավետիսյանն ասել է, որ թոշակառուներն ու աղքատ աշխատողները մնում են ուշադրությունից դուրս։

«Պարզ բան եմ հարցնում, թոշակառուն և աշխատող աղքատը, ասում են. «Բա ինձ ինչո՞ւ մոռացաք, բա ես էլ պետք է հիմա ստանայի նվազագույն պարենային զամբյուղի չափով կենսաթոշակ, ինչո՞ւ չեմ ստանում»։

Նա հավելել է, որ երբ խոստում են տալիս հասարակության ամենախոցելի 40 տոկոսի՝ չեն կարող այն անտեսել միայն այն պատճառով, որ այլ ոլորտներում հաջողություն ունեն։

«Ասֆալտ եք անում, պետական ծառայողի աշխատավարձն էլ եք բարձրացնում, շատ ավելի լավ, բայց էդ չի նշանակում, որ մեր հանրության մոտ 40%-ին՝ ամենաանապահով խավին տված ձեր խոստումը պետք է չկատարեք և գաք այստեղ բարդ տերմինալոգիայով փորձեք բացատրել»,- նշել է պատգամավորը։