Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ երկար բանակցել են, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լիներ, բայց դա բավականին թանկ էր ստացվում՝ 280 դոլար և ավելի, որովհետև տրանսպորտային շատ մեծ ծախսեր կային, իսկ Ադրբեջանով նոր հաղորդուղու պարագայում բավականին էժանանում է:
Նախարարը պարզաբանել է, թե նոր հաղորդուղու պարագայում ինչու կարող է էժանանալ ճանապարհը: Ըստ այդմ՝ կա երկու ճանապարհ՝ Ակտաու-Էնզելի(Իրան) և Ակտաու-Բաքու, հայտնում է 1lurer.am-ը։
«Էնզելին շատ ավելի հեռու է, քան Բաքուն, այսինքն՝ այստեղ կարճ է: Երկրորդը. գնաց Էնզելի, հետո ցամաքային ճանապարհով, Իրանի տարածքով գալիս-հասնում է Մեղրի, Մեղրիից՝ Երևան: Ինչպես մոտավորապես մեր Սյունիքի մարզն է, այդպես էլ Իրանի այդ հատվածը, այն լեռնային բարդ տեղանքով բավականին դժվար հաղորդակցություն է: Իսկ այս եղանակով, երբ Ադրբեջանի տարածքով երկաթուղով է գալիս, շատ ավելի կարճ է:
Երբ ապաշրջափակման գործընթացը կամբողջանա, և մենք էլ կունենանք արդեն ոչ թե երկար, այլ ուղիղ՝ Ղազախ-Իջևան երկաթուղի, կարծում եմ՝ այդ պարագայում էլի այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունն ավելի կմեծանա:
Եթե նկատել եք, նաև ՌԴ-ն է հայտնել, որ իր համար ևս այդ ճանապարհը բաց է, և դա նույնպես հետաքրքիր է: Ստացվում է, որ դեպի Հայաստան Ռուսաստանի հաղորդակցության գծով մեր ավանդական 1 ճանապարհը դառնում է 2»,- ասել է նա:
Ավելի վաղ Պապոյանըհայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտնել,որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունըողջունել էԱդրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։






