AM
28 Հոկտեմբեր 2025 - 12:00 AMT

Կառավարությունը կաջակցի նոր ուղղություններով թռչող ավիաընկերություններին

Կառավարությունը նախատեսում է 2026 թվականին պետական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ կիրականացնեն:Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ:

«Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ»,- նշել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։

2026 թվականին ավիացիոն ոլորտի համար պետական բյուջեով նախատեսված է ընդհանուր 3.6 միլիարդ դրամ ֆինանսավորում, որից մոտ 3 միլիարդը կուղղվի սուբսիդավորման ծրագրի իրականացմանը։

Խուդաթյանը պարզաբանել է, որ աջակցության ծրագրից կօգտվեն այն ավիաընկերությունները, որոնք բազավորվելով «Զվարթնոց» կամ «Շիրակ» օդանավակայաններում՝ կմեկնարկեն ուղևորափոխադրումներ նոր միջազգային ուղղություններից։ Պայմաններից մեկը այն է, որ գոնե մեկ նոր ուղղություն պարտադիր լինի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։

«Այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում և նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ՝ պայմանով, որ առնվազն 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, ապա 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամ և դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ»,- ասել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար, որոնք կկատարեն պայմանները: Նա ուրախությամբ նշեց, որ միջազգային Wizz Air-ն արդեն բազավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում: