Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսն է ապահովված շուրջօրյա ջրամատակարարմամբ, կան բնակավայրեր, որտեղ ջուրն առկա է միայն սահմանված ժամերին՝ օրինակ՝ օրական 4, 6 կամ 8 ժամ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Նա պատասխանել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին այն մասին, թե քանի քաղաքային բնակավայր չունի շուրջօրյա ջրամատակարարում, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսն ապահովված է 24-ժամյա խմելու ջրով, դրանք հիմնականում այն հատվածներն են, որոնք գտնվում են «Վեոլիա Ջուր»-ի սպասարկման գոտում: Ունենք համայնքներ, որոնք իրենք են սպասարկում խմելու ջրի ենթակառուցվածքները: Այդ համայնքների մի մասում կա 24-ժամյա ջրամատակարարում, մյուս մասում կա կանոնակարգված ջրամատակարարում, որը 24-ժամյա չէ, դա հիմնականում գյուղական բնակավայրերում է: Օրինակ՝ օրվա ընթացքում 4 ժամ, 6 ժամ կամ 8 ժամ ջրամատակարարում է լինում, բայց հստակ գրաֆիկով»,-ասել է Խուդաթյանը:
Նախարարն ընդունել է՝ որոշ հատվածներ կան, որտեղ ջրամատակարարումը խնդիր է և կանոնակարգված գրաֆիկ չկա, բայց պետությունն առաջնահերթ է համարում ջրային ենթակառուցվածքների զարգացումը, այդ պատճառով դա համարում է առաջնահերթություն սուբվենցիոն ծրագրերի մասով:
Նա վստահեցրել է՝ համայնքների կողմից սուբվենցիայի համար ներկայացված ծրագրերը. որոնք ուղղված են խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդիականացմանը, առաջնահերթության կարգով ընդունվում են, և պետությունը բարձր տոկոսներով համաֆինանսավորում է իրականացնում:






