Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ նախատեսվում է թոշակառուների համար ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ, հայտնում է 1lurer.am-ը։
«Սա վերաբերելու է մեր թոշակառու հայրենակիցներին, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք:
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ստեղծվելու է հնարավորություն, որպեսզի գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան հետադարձ հիփոթեքով, այսինքն՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, բանկում հետադարձ հիփոթեքի առարկա դարձնելով, ստանալ որոշակի վճարներ և դրանցով ապահովել իրենց սոցիալական լավ կարգավիճակը»,- ասել է նա:
Խոսքը, ըստ Թովմասյանի,այն թոշակառուների մասին է, որոնք չունեն կամ կարող են ունենալ նաև ժառանգ, բայց որոնք ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք: Նրանք կարող են դիմել բանկին՝ ասելով, որ ուզում են հետադարձ հիփոթեքիրականացնել: Արդյունքում կգնահատվի նրանց գույքի արժեքը, և կորոշվի այն տարիների թիվն ու այն գումարի չափը, որը յուրաքանչյուր ամիս բանկը պետք է թոշակառուին հետ վճարի:
«Թոշակառուն մարումների խնդիր չունի, ինքը ստանալու է որոշակի ժամանակահատվածի համար [գումար]՝ ըստ պայմանավորվածության, ապրելու է իր տանը, որ ամենակարևորն է՝ չի փոխելու միջավայրը, յուրաքանչյուր ամիս ստանալու է համապատասխան գումար, որը գումարվելու է իր կենսաթոշակին, և ունենալու է ավելի լայն հնարավորություններ՝ իր կյանքն ավելի լավ կազմակերպելու, ճանապարհորդելու համար»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ սա դեռ նախագիծ է, որը դրվել է շրջանառության մեջ:






