AM
29 Հոկտեմբեր 2025 - 06:40 AMT

Միրզոյանն արտերկրի լրագրողներին և փորձագետներին է ներկայացրել ՀՀ քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի խումբ լրագրողների և փորձագետների հետ հանդիպմանը, որոնք Հայաստան են այցելել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնի (CIDOB) նախաձեռնությամբ, ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության, զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությանը, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախարար Միրզոյանը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ տեսլականը, որն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և որի կարևոր բաղադրիչ է «Թրամփի ուղին»:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան: Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման, տնտեսական, մարդկանց միջև կապերի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապրհին առկա մարտահրավերի շուրջ, ինչի կապակցությամբ նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում ՀՀ մոտեցումները:

Միրզոյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող այլ հարցերին։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։