AM
29 Հոկտեմբեր 2025 - 07:56 AMT

Հայրապետյանը Forbes-ում ներկայացրել է ՀՀ տեսլականը՝ փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր

Հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը՝ «Ինչպես են կառավարությունները հարկային արտոնություններով նպաստում ԱԲ-ի և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը» վերնագրով։

Հոդվածում նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Նա ընդգծել է, որ պետական քաղաքականությունների միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։

Հոդվածում նախարարը վերլուծում է, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով արդյունավետ հարկային քաղաքականություն և տեխնոլոգիական խթաններ, ձևավորում նորարարական տնտեսություններ և արագացնում արհեստական բանականության (ԱԲ) և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը։ Նա նշել է, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք՝ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար, հայտնում է նախարարությունը։

Նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման և վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաև գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթևացումը։

Հայրապետյանն ընդգծել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կարևոր քայլ է երկրի ԱԲ ներուժի զարգացման ուղղությամբ։