Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ որոշակի խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրում։ Նա այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,- նշել է Հարությունյանը, հայտնում է Արմենպրեսը։
Լրագրողների հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ, Արայիկ Հարությունյանը դրական պատասխան է տվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ եկել է եզրահանգման, որ Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։
Փաշինյանն ասել էր․ «Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ՝ վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է: Եվ հիմա հարցը, թե որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»։






