«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, քննարկել առաջիկայում նախատեսվող քայլերն ու հնարավորությունները։
Զրուցակիցները կարևորել են Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։
Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հոկտեմբերի 28–ին ասել էր․ եթե մարդիկ ՀՀ–ում իրենց կարծիքի համար են դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, պետք է զգույշ լինել։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։
«Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասել էնա։






