AM
29 Հոկտեմբեր 2025 - 12:54 AMT

Մամիջանյանը Սանչես Ամորին է ներկայացրել ՀՀ դատական համակարգում առկա խնդիրները

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ, որը ՀՀ–ում է մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում Մամիջանյանը ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրադրությունը, խոսել դատական համակարգում առկա խնդիրների, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության վերաբերյալ նկատվող մտահոգությունների մասին, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նա անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիների հարցին՝ կարևորելով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական միության աջակցությունը։

Քննարկման ընթացքում Մամիջանյանը նշել է, որ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը Բաքվում, ինքն նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ առաջարկելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կատարի այցելություն Բաքվում պահվող հայերի մոտ։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին։

Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հոկտեմբերի 28–ին ասել էր․ եթե մարդիկ ՀՀ–ում իրենց կարծիքի համար են դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, պետք է զգույշ լինել։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։

«Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասել է նա։