AM
29 Հոկտեմբեր 2025 - 13:15 AMT

«Տաշիր կապիտալը» հունիսին առաջարկել էր 1 դրամով նվազեցնել էլէներգիայի գինը․ ՀԾԿՀ–ն պատասխանել է՝ տարեվերջին կվերանայի

«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ճեպազրույցում ասել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 1 դրամով իջեցնելու առաջարկի մերժումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից քաղաքական ենթատեքստ ունի, հայտնում է Sputnik Արմենիան։

Ղազինյանն ընդգծել է, որ ՀԾԿՀ–ին սակագնի իջեցման և ՀԷՑ–ի ներդրումները շուրջ 12 մլրդ դրամով ավելացնելու առաջարկն արել են մինչև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի տակ հայտնվելը։

«Տաշիր կապիտալը» պնդում է, որ սակագնի իջեցում պետք է անել այս պահին, և մարդկանց էլ տեղյակ եմ պահում, որ դա լինելու էր միայն ու միայն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Մեր ազգաբնակչությունը րոպե առաջ պետք է ավելի նվազ սակագնով վճարում անի»,– ընդգծեց Ղազինյանը` ավելացնելով, որ սա ասում են, որպեսզի հանկարծ սակագնի նվազեցման այս հանգամանքն իշխանությունը չբերի ու կապի Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու հետ։

ՀԾԿՀ-ից հաղորդագրություն են տարածել ՀԷՑ-ին ներկայացրած՝ 2025 թ․ օգոստոսի 1-ից ընկերության սակագնային մարժայի վերանայման առաջարկի վերաբերյալ, որով տեղեկացնում են, որ նպատակահարմար են գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա։

«ՀԷՑ–ը 06.06.2025թ. առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ) 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։

Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմվում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով», ասվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։

Ղազինյանը, անդրադառնալով ՀԾԿՀ այս հայտարարությանը, ասել է, որ այն ոչ մի բանի մասին է։

«Ասում է` սակագնի իջեցման նամակները մուտք են արվել, սակայն 12 մլրդ ներդրումների մասով` ոչ։ Մենք պնդում ենք, որ 3.6 մլրդ դրամի վերանայումը ենթադրում էր սակագնի նվազեցում։ ՀԾԿՀ–ի հաշվարկած 0.5 դրամ սակագնի իջեցումը սուտ է, քանի որ իմ հաշվարկներով` իջեցումը շատ ավելին էր լինելու. 3.6 մլրդ դրամի վերանայումը, իմ մոտավոր հաշվարկներով, կազմում է 1 դրամ»,– հայտարարել է Ղազինյանը։

Նա այն տպավորությունն ունի, որ իշխանությունները միտումնավոր ձգձգում են իրենց դիմումի քննարկումը, որպեսզի ՀԵՑ–ին լիցենզիայից զրկեն (ՀԾԿՀ կողմից ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթն ամփոփվելու է 2025 թ. նոյեմբերի 18–ին– խմբ), իսկ հետո մարդկանց ասեն, թե իրենք եկան հրեշտակների թևերով և 2026 թ. փետրվարից սակագինը կիջեցնեն` այդպիսով ամեն ինչ վերագրելով իրենց։

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։