AM
29 Հոկտեմբեր 2025 - 14:11 AMT

Փոխնախագահ․ ԵԽ-ն հանձնառու է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում

Եվրախորհրդարանը հանձնառու է աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Այդ մասին Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին՝ խոսելով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Եվրոպական խորհրդարանի նախագահի անունից խոսել այս պատմական քաղաքում՝ Երևանում։ Թույլ տվեք խորը երախտագիտությունս հայտնել Հայաստանի Ազգային ժողովին՝ ջերմ ընդունելության և հրաշալի կազմակերպման համար։ Պարոն ԱԺ նախագահ, Ձեր հյուրընկալությունն ու հանձնառությունը վկայում են, որ Դուք մեծ կարևորություն եք տալիս եվրոպական երկխոսությանը և համագործակցությանը։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը վերջին անգամ Երևանում անցկացվել է 2015 թվականին, նույն դահլիճում։ Այս հանդիպումը վկայում է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների շարունակական զարգացման մասին։

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ դեպի խաղաղություն առաջին քայլերի ուղղությամբ։ Դա շատ կարևոր է։ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցել այս նուրբ, բայց կենսական գործընթացին, որպեսզի ստեղծվեն արդար և կայուն խաղաղության պայմաններ, որոնք կդառնան կայունության և բարգավաճման աղբյուր ամբողջ տարածաշրջանի համար»,-նշել է նա՝ փոխանցելով Եվրոպական խորհրդարանի նախագահի ուղերձը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։