AM
29 Հոկտեմբեր 2025 - 14:40 AMT

Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին

Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։Այդ մասին Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին` խոսելով Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները, չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ և հզոր ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն է՝ միանալու Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը ԵՄ անդամակցության համար»,-ասել է Օմարջին։

Նա նշել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ձևավորված գործնական համագործակցությանը։

«Բացի քաղաքական հայտարարություններից, կա նաև իրական, շոշափելի գործընկերություն՝ հատկապես տնտեսության և Արևելյան գործընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում։ Մենք մեր ջանքերը մեկտեղում ենք՝ ստեղծելու նոր աշխատատեղեր, ժամանակակից ենթակառուցվածքներ և նոր հնարավորություններ երիտասարդ հայերի համար։ Երբ Եվրոպական միությունը և Հայաստանը միասին են առաջ շարժվում, կարող են կերտել ավելի բարգավաճ և արդար ապագա բոլորի համար»,-ընդգծել է Օմարջին։

2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։