Փարիզում անցկացվող խաղաղության ֆորումի ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Փաշինյանն իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սանդուին՝ վերջերս կայացած նախագահական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նրան նոր ձեռքբերումներ Մոլդովայում ժողովրդավարության առաջխաղացման ճանապարհին։
Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանային կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական քայլերի համար։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։
Կողմերը վերահաստատել են, որ կարևորում են միջազգային հարթակներում փոխաջակցությունը և պատրաստ են խորացնել երկկողմ համագործակցությունը։ Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Սանդուն համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պահել շարունակական և կառուցողական երկխոսության մակարդակը։
Ավելի վաղ Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխում է իր արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ նպատակ ունենալով մեծացնել իր ազդեցությունը այն պետություններում, որտեղ առաջիկայում նախատեսվում են ընտրություններ։
Նա ընդգծել է, որ այդ գործընթացի շրջանակում Կրեմլը կարող է փորձել վերահսկողություն հաստատել Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ:






