AM
30 Հոկտեմբեր 2025 - 08:51 AMT

ՀՀ–ն $250 մլն վարկ կվերցնի արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար

Հայաստանն Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ կվերցնի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։ Կառավարությունը հավանություն է տվել «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։ Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2035թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2052թ. հունիսի 15-ը։

Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի ստորագրումը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։